Միլիոնատեր գեներալները, ՊՆ-ում ծառայողական մեքենաների ճոխությունը թալանի փոքր, երևացող հատվածն է. հայտարարություն
«1000 ամոթ ռեժիմին» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է.
«Նոյեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց զոհված զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու նպատակով քաղաքացիների աշխատավարձերից ամսական հազար դրամ պահելու ՊՆ նախարարի առաջարկությանը հավանություն տալու մասին: Նախագիծը հավանության է արժանացել նաև կառավարության կողմից և այժմ՝ օրենքի ուժ ստանալու նպատակով ներառվել է ԱԺ լիագումար նիստի օրակարգում:
Հայտարարում ենք
1. Բանակում, ինչպես հանրապետության մյուս կառույցներում առկա ճգնաժամի պատասխանատուն Սերժ Սարգսյանի ռեժիմի իրականացրած պետական մասշտաբի թալանն է։
2. Միլիոնատեր գեներալները, ՊՆ-ում ծառայողական մեքենաների ճոխությունը և 25 հազարի հասնող ներքին զորքերի, ոստիկանության ծառայողների թիվը պետական թալանի փոքր, երևացող հատվածն է։
3. «1000 դրամ» նոր հարկը կատարված պետական հանցագործությունները նոր հանցագործությունով քողարկելու անհաջող փորձ է։ Իսկ հարկատեսակը զոհված և հաշմանդամ զինվորականների անվան հետ կապելը` ցինիզմի արտահայտություն։
Պահանջում ենք
1. Բյուջետային միջոցներով անհապաղ կյանքի կոչել զոհված զինվորների ընտանիքներին հատուցում տալու նախաձեռնությունը։
2. Դադարեցնել «1000դրամ» նոր հարկը։ Խորհրդարանից պահանջում ենք դեմ քվեարկել նախագծին։
3. Վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով: Քրեական գործեր հարուցել ապօրինի հարստացած պաշտոնյաների նկատմամբ։
Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերին և անհատներին կոչ ենք անում միանալ սկսվող քաղաքացիական անհնազանդությանը»։