«Կապանում տրանսպորտը թանկացել է. տիպիկ Հանրապետական իրավիճակ է». Նիկոլ Փաշինյան
Սյունիքի մարզկենտրոն Կապանում մաքուր Հանրապետական իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքապետի ընտրություններից մեկ ամիս անց բարձրացվել է Շինարարներ թաղամասի տրասնպորտի գինը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ եմ ասում՝ տիպիկ Հանրապետական իրավիճակ, որովհետև մենք արդեն երկար ժամանակ ականատես ենք լինում, որ ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, շարունակելով իշխանության մնալ, մեծ գնաճներ են ապահովում, ինչպես եղավ էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հետ»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորը ողջունեց այն քաղաքացիներին, ովքեր բոյկոտում են Շինարարներ թաղամասի տրասնպորտի թանկացման որոշումը և շարունակում են նախկինի նման 50 դրամ վճարել:
«Կարծում եմ՝ եթե Կապանի քաղաքապետարանը կարողանա լիարժեք կյանքի կոչել այս որոշումը, դրան կհետևի քաղաքի մյուս թաղամասերի տրանսպորտային սակագների բարձրացում ևս: Քաղաքացիները պետք է հետևողականորեն շարունակեն պայքարն իրենց իրավունքների համար, և ես ողջունում եմ այս ուղղությամբ ընթացող պրոցեսները»,- եզրափակեց պատգամավորը: