Արոնյանն ու Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի հաշվով
Նովի Սադում շարունակվող Եվրոպայի ակումբային առաջնությունում տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պարլիգրաս Միրչեա-Էմիլիանի հետ, իսկ նրա «Պադովա» ակումբը 4.5- 1.5 հաշվով հաղթել է Ռումինիան ներկայացնող «Տիմիշորա» թիմին: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Տղամարդկանց առաջնության աղյուսակը գլխավորում է «Ալկալոիդ» ակումբը, որն իր ակտիվում գրանցել է 10 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում է ընթանում «Սիբիրը»` վաստակած 9 միավորով: 7 ակումբ, որոնց թվում է նաև Արոնյանի «Պադովան», վաստակել են 8-ական միավոր և կիսում են 3-10-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ հորիզոնականում է ընթանում «Մեդնի Վսադնիկ» ակումբը, իսկ «Պադովան» գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Կանանց մրցաշարի 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը նույնպես ոչ-ոքի է խաղացել: Նա միավորը կիսել է Բելա Խոթենաշվիլու հետ, իսկ նրա «Յուգրա» ակումբը պարտվել է «Նոնա» թիմին:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» ակումբը, որն իր ակտիվում գրանցել է 10 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող «Նոնան» վաստակել է 7 թիմային միավոր, իսկ «Յուգրան» վաստակած 6 թիմային միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում: