Հինգ երեխայի մայրն անասնագոմում շահագործման է ենթարկվել (տեսանյութ)
Հոկտեմբերի 26-ին Հրազդանի բաժնի ոստիկանները տեղեկացել են, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին գտնվող անասնագոմում աշխատանքային շահագործման է ենթարկվում Հրազդանի մի քաղաքացի: Կինը 5 երեխա ուներ և ծանր պայմաններից դրդված անցած տարվա դեկտեմբերից ամսական 30 հազար դրամ աշխատավարձով կթվորուհու աշխատանքի էր անցել նշված անասնաֆերմայում:
Ըստ ոստիկանների տեղեկատվության՝ ֆերմայի սեփականատերն օգտագործելով կնոջը հատկացված սննդի ուռճացված պարտքի և սոցիալական խոցելի վիճակի հանգամանքը՝ վերցրել էր նրա անձնագիրը և բռնությամբ ու դրա սպառնալիքով շուրջ 10 ամիս աշխատանքային շահագործման էր ենթարկում:
Տուժողը բաժին է հրավիրվել: Օրենքով սահմանված անհրաժեշտ գործողություններից հետո, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները նրա հետ մեկնել են անասնաֆերմա, զրուցել սեփականատիրոջ՝ Պռոշյան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Արշալույս Պետրոսյանի հետ: Նա հայտնել է, որ ապրելու համար կինն ինքն է տեղ ու աշխատանք խնդրել: Նա հատկացրել է վագոն-տնակ, բայց կթվորուհու աշխատանքից գլուխ չի հանել, եղբոր հետ, որը Պետրոսյանի հովիվն էր, ապրել է նույն տնակում: Ոստիկանները պարզել են, որ հովիվը նույնպես աշխատանքային շահագործման է ենթարկվել: Տուժած երիտասարդը նույնպես ոստիկանություն չի դիմել՝ պատճառաբանելով, որ «վախենում է»:
Մանրամասները՝ տեսանյութում