Շատ բողոքներ կան. վարչապետը «պայքար» է սկսում ստրիպտիզ-ակումբների դեմ
Անհրաժեշտ է նախատեսել փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի բազմաբնակարան շենքերին հարող տարածքներից ստրիպտիզ-ակումբների տեղափոխության թեմային:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին բազմաբնակարան շենքերում կամ դրանց կողքին գիշերային ակումբների, զվարճանքի այլ վայրերի հետ կապված հարցը քննարկել համայնքների ղեկավարների հետ ու օրենսդրական լուծումներ ներկայացնել:
Վարչապետն ասաց, որ խոսքը վերաբերում է ստրիպտիզ-ակումբներին ու նմանատիպ զվարճանքի ակումբներին:
«Շատ բողոքներ կան: Կարծում եմ՝ մենք պետք է արձագանքենք»,- ասաց վարչապետը: