Շաքարավազի գինն աճել է 2.6%-ով. ԱՎԾ
2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի՝ 0.7- 6.2% գնաճով: Այս մասին տեղեկացնում են ԱՎԾ-ից:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.2-6.2% գնաճ, 3-ում` 1.1-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2% գնաճ: 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կանաչ լոբու գինն աճել է 5.1%-ով, խառը կանաչեղենինը`19.3%-ով, կանաչ սոխինը՝ 23.2%-ով, սխտորինը՝ 23.3%-ով, վարունգինը՝ 30.2%-ով, կանաչ պղպեղինը՝ 31.4%-ով, սմբուկինը՝ 31.9%-ով, լոլիկինը՝ 53.5%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գազարի՝ 21.3%, կաղամբի՝ 15.2%, գլուխ սոխի՝ 13.7%, ծաղկակաղամբի՝ 12.0%, ճակնդեղի՝ 11.8%, կարտոֆիլի՝ 5.8%, սնկի 0.3% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 3.6-13.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում:
Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 4.8%-ով: Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել է 12.9%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.9%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 1.4-4.9% գնաճ: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 2.6%-ով: