Հենրիխ Մխիթարյանը դարձավ UNICEF-ի բարի կամքի ազգային դեսպան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր նշանակվեց բարի կամքի ազգային դեսպան:
Մխիթարյանն ու UNICEF-ն ակտիվ քայլեր կձեռնարկեն՝ յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ կարևորելով երեխաների և երիտասարդների՝ ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում և որակյալ կրթություն ստանալու իրավունքը:
«Ցավալի է գիտակցել, որ ոչ բոլոր երեխաները դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է զարգացման իրենց ներուժը դրսևորելու և հասարակության համար պիտանի քաղաքացի դառնալու հնարավորություն ունենան: UNICEF-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, պատրաստ եմ գործի դնել այն հնարավորությունը՝ օգնելով UNICEF-ին Հայաստանում խթանել յուրաքանչյուրի՝ հատկապես, ամենախոցելի երեխաների կրթության իրավունքը: Միգուցե չկարողանամ Մեսսիի չափ օգնել, բայց իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանեմ»,- ասաց Մխիթարյանը: