Ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2016 թվականի ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվել էր նորոգել վթարային 130 շքապատշգամբ: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տարեկան ծրագրում ներառվել էին այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ էր ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու առումով: Հունիս ամսից մեկնարկած այս գործընթացն ամբողջությամբ ավարտվել է: Ծրագիրը գերակատարվել է շուրջ 10 տոկոսով:
Հիշեցնենք, որ որպես բաժնային սեփականության մի մաս` շքապատշգամբները պետք է նորոգվեն բնակիչների ուժերով և միջոցներով, սակայն հաշվի առնելով, որ դա ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով բնակիչների խնդրանք-դիմումներին, Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքային բյուջեից ամեն տարի միջոցներ է հատկացնում ծրագրի փուլային իրագործման համար: