Խնամին չի ընտրվել. Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանն ազատել է աշխատանքից «մեղավորներին»
Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում ՏԻՄ ընտրություններն անցան երկու փուլով. նախ հոկտեմբերի 2-ին, ապա նաև հոկտեմբերի 23-ին: Հոկտեմբերի 2-ի ընտրությունների չեղարկման պատճառն ընտրախախտումներին էին: Իրենց թեկնածությունն առաջադրել էին գործող գյուղապետ Զավեն Հարությունյանն ու գործարար Հուսիկ Սեդրակյանը:
NEWSPRESS.am-ի խմբագրություն էր դիմել Սևանի հոգեբուժական կլինիկայից օրերս աշխատանքից ազատված, Վարսեր համայնքից մի քաղաքացի և դժգոհել, որ իրեն ազատել են աշխատանքից:
Ինչպես ներկայացրեց նա՝ Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը սատարում էր գործող գյուղապետ Զավեն Հարությունյանին, ում հետ ունի խնամիական կապեր:
Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Սևանի հոգեբուժարանի տնօրենը հավաքել է Վարսեր համայնքից իր աշխատակիցներին և նրանց ստիպել է ստորագրել աշխատանքից ազատվելու դիմումների տակ, որտեղ օր և ամսաթիվ գրված չի եղել, այն պայմանով, որ եթե գործող գյուղապետը չհաղթի ընտրություններում, ապա նրանց աշխատանքից ազատելու է: Եվ քանի որ ընտրությունները չեղարկվեցին և հոկտեմբերի 23-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ և ընտրվեց գործարար Հուսիկ Սեդրակյանը, ապա Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքից Սևանի հոգեբուժարանում աշխատող շուրջ 20 քաղաքացի՝ տեխնիկական աշխատակիցներ և բուժաշխատողներ, ազատվեցին աշխատանքից:
Քաղաքացին դժգոհում էր, որ ինքը երկար տարիների աշխատակից է և այսօր կանգնած է գործազուրկ լինելու փաստի առջև. լինելով տան միակ աշխատողը՝ ձմեռնամուտին չգիտի, թե ինչպես է պահելու ընտանիքը, քանի որ կամա-ակամա հայտնվել է քաղաքական խաղերի մեջ: