Հայ քաղաքացու պատճառով Ուկրաինայի ԱԱԾ-ն «Բելավիային» սպառնացել է կործանիչներ օդ բարձրացնել
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վերադարձել է Կիևի միջազգային «Ժուլյանի» օդանավակայան՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության պահանջով: Այդ մասին այսօր հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Դիսպետչերական ծառայությունից բացատրել են, որ իրենք կատարել են ԱԱԾ-ի հրահանգը: Այս տեղեկությունը գործակալությանը հաստատել են նաև Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից:
«Բելավիա» ավիաընկերության «Բոյինգ 737-800» ուղևորատար ինքնաթիռը, որը հոկտեմբերի 21-ին Կիևից թռչելիս է եղել Մինսկ, Բելառուսի օդային տարածքից 50 կմ հեռավորությունից ստիպված է եղել վերադառնալ Կիևի օդանավակայան: Հակառակ դեպքում ուկրաինական կողմն սպառնացել է կործանիչներ օդ բարձրացնել:
Օդանավակայան վերադառնալուց հետո իրավապահներն ինքնաթիռից իջեցրել են մեկ ուղևորի, ով Հայաստանի քաղաքացի է: Ինքնաթիռը Մինսկ է մեկնել առանց նրա: Ավելի ուշ ՀՀ քաղաքացուն ազատ են արձակել, և նա մեկ այլ չվերթով է տեղափոխվել Բելառուսի մայրաքաղաք:
«Բելավիայից» հայտնել են, որ պատրաստվում են ուկրաինական կողմից պահանջել այն գումարը, որն ընկերությունը ծախսել է Կիև վերադառնալու պատճառով: