«ՉԻ». Փողը հեչ կապ չունի
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
Անդրադառնալով այն հարցին, որ շատ սուպերմարկետներում տոպրակները վճարովի են դարձել, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, թե դա բիզնեսի նպատակով չի արվել, այլ էկոլոգիական նկատառումներով։
«ՉԻ» – Այո, իսկույն երևում է, որ իշխանությունները գիշեր-ցերեկ մտածում են շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական հիմնախնդիրների մասին։ Մասնավորապես՝ հաշվի առնելով, որ Հայաստանում ապօրինի անտառահատումներն աղետալի ծավալներ են ընդունել, գետերի աղտոտվածության մակարդակն ահավոր է, իսկ որոշ գետեր պարզապես անհետացել են՝ փոքր ՀԷԿ-երի պատճառով, որ Արարատյան դաշտն օրեցօր անապատի է վերածվում և այլն, իշխանությունները որոշել են… ցելոֆանե տոպրակները դարձնել վճարովի։ Իսկ եթե, հեռու տնից-տեղից, շահագործվող հանքավայրերի թունավոր պոչամբարները սպառնան մարդկանց առողջությանը՝ իրենք կդիմեն ավելի կտրուկ քայլերի և, ասենք, լրացուցիչ հարկ կսահմանեն պլաստիկ շշերի համար։ Բա հո չե՞ն թողնի, որ բնությանը անդառնալի վնաս հասցվի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: