Հայ դիվանագիտությունը ծաղկուն հասակում նահատակվեց
Մեկ հատ հեռախոսի համար Արտաքին գործերի նախարարության իրավաբանական բաժինը զբաղվել է որոշման մշակմամբ, այն ներկայացրել է կառավարություն, ներառվել է նիստի օրակարգ, առաջարկության մեջ էլ նշված է եղել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 49-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ԱԳՆ այս կարևորագույն նախագիծն ահա ներկայացրել է կառավարության հաստատմանը:
Նախագծից պարզ երևում է, որ ԱԳՆ-ում քրտնաջան աշխատել և աշխատում են. անհանգստացած են, որ նոր փոխնախարարը նոր բջջային հեռախոս չունի:
Մամուլում շատ հաճախ է շրջանառվում, որ ՀՀ ԱԳՆ-ում չեն աշխատում կամ վատ են աշխատում, զբաղված են ամեն ինչով, սակայն ոչ դիվանագիտությամբ:
Պարզվում է, որ ոչ. ԱԳՆ-ում աշխատում են և հենց դիվանագիտությամբ են զբաղվում: Իսկ ո՞վ ասաց, որ փոխնախարարի համար բջջային հեռախոսագնումը դիվանագիտություն չէ, ափսոս ԱԳՆ-ի այս քայլը հավուր պատշաճի չգնահատեցին, այլ թափեցին կառավարությունից ոչ հեռու հոսող Գետառը:
Կարճ ասած` հայ դիվանագիտության մեծ-մեծ քայլերը կառավարությունը որակազրկեց, ու դժվար է ասել, թե հայ դիվանագիտությունն այդ ծանր հարվածից հետո երբ, ինչպես և որտեղ կվերականգնվի:
Կարճ ասած՝ մեկ հեռախոսը դարձավ հայ դիվանագիտության ձախողման պատճառ: