Վիկտոր Դալլաքյանի հրաշափառ հայտնությունը
Օրերս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը քաղաքական փոթորիկ սկսեց դաշտում՝ գրեթե «Մեթյու» փոթորկի նման: Անսպասելի հայտնվեց նախագահականից. ասուլիսի ժամանակ կարդում էր, թե ինչ է անելու, թե ինչպես է անելու և երբ է անելու:
Հատկապես նրա նետագամերն ուղղված էին վանաձորցի Էդմոն Մարուքյանի դեմ, նախորդ խորհրդարանական ընտրություններին պարտվելը, երևի թե այնքան էր ցավեցրել Դալլաքյանին, որ տարիները ցավը չէին թուլացրել: Ինչևէ: Այստեղ խնդիրը մութ աշխարհից լույս աշխարհ գալն էր:
Հայտնի չէ հասարակությանը, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն Ազգային ժողովում գաղափարական կամ անձնական խնդիրներ ունենար ՀՀ նախագահի կամ ՀՀԿ ղեկավար կազմի հետ: Իր համար գլուխը կախ աշխատել է, և երևի թե Դալլաքյանին կմոռանային այսպես, եթե լույս աշխարհ հանկարծակի չընկներ:
Ավելի քան ակնհայտ է, որ Դալլաքյանն առաքելություն ունի կատարելու այս անգամ ոչ թե ՀՀ նախագահականից Ազգային ժողով, այլ ՀՀ նախագահականից՝ ընդդիմություն:
Հայաստանում և′ դիմությունը, և′ ընդդիմությունը կարգով-կանոնով են, շեղումներ չկան: Այդ է պատճառը, որ մեկ կուսակցությունը կարող է հարատևել՝ շնորհիվ դալլաքյանական ֆոկուսների:
Այնպես որ՝ հաջորդ տարվա ընտրությունների սերմերն արդեն ցանվում են, որ ընտրությունները բարեհաջող ընթանան, ինչպես ցույց տվեցին Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունները, Հայաստանում ընդդիմությունը ոչ ևս է: