ՀՀ նախագահի պաշտոնական կայքից հանվել է Նազարբաևի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը
Այսօր առավոտյան ՀՀ նախագահի պաշտոնական կայքում՝ President.am-ում հաղորդագրություն տարածվեց, որում, մասնավորապես, ասված էր. «Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը»:
Ավելի ուշ, սակայն, այս հաղորդագրությունը հեռացվեց, ինչը նշանակում է՝ Ղազախստանի նախագահի` Հայաստան այցի կա′մ հետաձգում, կա′մ չեղարկում:
Հոկտեմբերի 12-ին նախատեսված էր Նազարբաևի այցը նաև Ադրբեջան, սակայն ռուսական «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը հայտնել է, որ այն չեղյալ է հայտարարվել՝ Նազարբաևի առողջական խնդիրների պատճառով. վերջինիս մոտ մրսածություն է: