Եղել է ստվերային գործարք. «Համախմբում» կուսակցության պատգամավորների հայտարարությունը
Վանաձորում տեղ է գտել ճնշում ավագանու որոշ ոչ ՀՀԿ-ական անդամների վրա, եղել է ստվերային գործարք: Այդ մասին ասված է «Համախմբում» կուսակցության պատգամավորներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի տարածած հայտարարության մեջ:
«Վանաձորի քաղաքապետի ընտրության տրամաբանությունը հակասում է քաղաքական մշակույթի նորմերին և ոգուն։ Ակնհայտ է, որ տեղ է գտել ճնշում ավագանու որոշ ոչ ՀՀԿ-ական անդամների վրա, եղել է ստվերային գործարք։ ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը նման մեթոդներով ծանր հարված է քաղաքական համակարգին։ Նոր սահմանադրությամբ հռչակված համակարգային բարեփոխումները, երկրի համար նոր սկզբի գաղափարը, ըստ էության, ի դերև ելան վանաձորյան ընտրություններով։ Փաստ է, որ իշխանությունը գեղեցիկ ձևակերպումների տակ ընդամենը հետապնդում է սեփական վերարտադրության և ամեն ինչ մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնելու ծրագիրը։ Այս պայմաններում քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության խնդիրն է դառնում համախմբող բանաձևեր գտնելը, որը թույլ կտա առաջիկա խորհրդարանական ընտրություններում երկիրը միասնական ջանքերով դուրս բերել քաղաքական մենաշնորհի անհեռանկար վիճակից»,- ասված է հայտարարության տեքստում: