ՊԵԿ-ը մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման շուրջ 200 դեպք է արձանագրել
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները բացահայտել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման շուրջ 200 դեպք: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Իրավախախտման դեպքերի զգալի մասը բացահայտվել է Բագրատաշենի մաքսակետում` շուրջ 80 դեպք, իսկ թմրամիջոցի անօրինական տեղափոխման ակտիվ գոտի է եղել հայ-իրանական սահմանը` Մեղրիի մաքսակետը: Մաքսանենգները թմրանյութերի ապօրինի ներկրման և արտահանման նպատակով պարբերաբար օգտագործել են նաև փոստային առաքանիների ուղին:
Օրինախախտ ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի թմրանյութեր, հեռախոսներ, համակարգիչներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ, զարդեր, սննդամթերք և այլն: Արձանագրվել են ապրանքների թերհայտարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: