Արամ Առաջինը ցավակցություն է փոխանցել զոհվածների ընտանիքներին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, իմանալով Հալեպում տիրող իրավիճակի մասին, կապ է հաստատել Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսյանի հետ, հետաքրքրվել եղած զարգացումներով: Այս մասին տեղեկանում են Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Սրբազան Հայրը Արամ Առաջինին ներկայացրել է Հալեպի հայության դժվար իրավիճակը, տեղյալ պահել հայկական թաղամասերի վրա ընկած հրթիռների պատճառով գրանցված զոհերի մասին:
Վեհափառ Հայրապետը ցավակցություն է փոխանցել զոհվածների ընտանիքներին, գնահատել Առաջնորդ Սրբազանի, ազգային իշխանության և հայկական թաղամասերի պաշտպանությանը նվիրված տղաների անձնազոհությունը:
Հիշեցնենք, որ Հալեպում սեպտեմբերի 30-ին ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության հետևանքով մահացել է 5, վիրավորվել 11 հայ: Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Հալեպի Նոր Գեղի և Վիլլաներ թաղամասերում: