Սպորտը դարձնել անհրաժեշտություն. վարչապետը ներկայացրել է նոր նախարարին
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության, ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու պարոն Ղազարյանն աշխատելու են միասին և նրանցից ակնկալիքները մեծ են: Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար և այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաև՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ:
Վարչապետը նաև նշել է. «Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»: