Սպորտային Ծառուկյանը՝ հագուստով
Անկախության շրջանում, երբ միանգամից ընդգծվեց ունևորների և չունևորների խավերը, «բիրդան» աղաների որոշ հատվածի համար բրենդային դարձավ տնային հագուստներով կամ առնվազն սպորտային հագուստներով «մարդամեջ» դուրս գալը:
Ժամանակը, սակայն, ավելի զորեղ էր, և որոշ կենտրոններ, ռեստորաններ, խանութներ հատուկ ցուցանակ էին փակցնում, որ սպորտային հագուստով չի կարելի, կամ էլ չեն թույլատրում մուտքը:
Այստեղ մի նրբություն կա. քանի որ սպորտային հագուստով հիմնականում «բիրդան» աղաներն էին ման գալիս, ապա անվտանգության աշխատակցի հետ խնդիրները հագուստի հետ կապված անխուսափելի էին: Ցուցանակը որոշ չափով ապահովագրում էր անախորժություններից:
Սակայն, երբ ՀՀ նախագահի մակարդակով հանդիպում է, և երկրի մեծահարուստներից մեկը սպորտային հագուստով է դիմավորում երկրի նախագահին, առնվազն խայտառակություն է:
Նշենք, որ օրերս գերմանական BMW և Mini աշխարհահռչակ ապրանքանիշերի ցուցասրահի բացմանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը՝ սպորտային հագուստով:
Միջոցառմանը ներկա են եղել գերմանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնց համար հաստատ զարմանալի է եղել Գագիկ Ծառուկյանի հագուստը:
Իհարկե, նման ռեսուրսներ ունեցող անհատն իրեն կարող է ամեն ինչ թույլ տալ, սակայն կա փող, կա հետևանքը՝ պահվածք: Ինչպես երևում է՝ դեռ Ծառուկյան ասելիս հասկանում ենք փող: