Դուք ունեք երկիրը փոխելու հնարավորություն. Կարեն Կարապետյանը՝ նորանշանակ նախարարներին
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց նորանշանակ չորս նախարարներին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանին:
«Ֆինանսների նախարար պարոն Արամյանը հայտնի է ֆինանսական աշխարհում, երևի նրան առանձնապես ներկայացնել պետք չէ: Նա լավ գիտի իր առաջ դրված խնդիրները»,- ասաց վարչապետը:
Կարապետյանի խոսքով՝ մյուս նախարարները ևս իրենց ոլորտների կառավարիչներ են:
«Համեստ ու պարկեշտ մարդիկ են և կառավարման նոր մշակույթի կրողներն են: Ես նրանցից մեծ ակնկալիքներ ունեմ: Առաջիկայում ակնկալում եմ, որ զարգացման նոր ծրագիր կներկայացնեն: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ համաձայնեցիք դառնալ մեր թիմի անդամը: Ակնկալում եմ համարձակ քայլեր։ Դուք՝ լինելով այդ ոլորտից, ունեք ձեր երազած ոլորտը կառուցելու և երկիր փոխելու հնարավորություն»,- ընդգծեց Կարապետյանն ու հանձնարարական տվեց Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին:
«Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, ինչպես այս պահին առկա է Աղավնաձորում: Պետք է խաղողի գնման գործընթաց կազմակերպել»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:
«Ինձ թվում է, որ մենք ունենք ժանգոտած կառավարման համակարգ»,- եզրափակեց նա: