Էջմիածնում ՊՊԾ-ից հինգ է պակաս
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան- Էջմիածին ավտոճանապարհին կրակոցներ են հնչել:
Նախ տեղեկություններ տարածվեցին, որ թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցները կրակել են գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի՝ քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայի մեջ եղել է Կարեն Գրիգորյանը՝ եղբոր հետ: Ապա Արթուր Թումանյանի թիմակիցները հերքեցին, որ իրենք կրակել են Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ:
Տեղի ունեցած դեպքի արդյունքում «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել թեկնածու Արթուր Թումանյանը, նրա եղբորորդին, ով մեզ հետ չկարողացավ խոսել՝ ինքնազգացողության վատ վիճակի պատճառով:
Այն, որ էջմիածնում լարված վիճակ էր ու վախի մթնոլորտ, դա անզեն աչքով էր երևում, և նախօրեին տեղի ունեցած դեպքն ամենևին էլ անակնկալ չէր, դրան սպասում էր էջմիածնեցին:
Ի վերջո, նախաքննությունը միգուցե որոշակի պարզություն մտցնի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, քանի որ այն, ինչ շրջանառվում է, շատ մութ տեղեր ունի: Նախ այն, որ զինված մարդիկ հարձակվել են Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա ու հարձակվողները տեղափոխվել են հիվանդանոց:
Ենթադրվում է, որ Կարեն Գրիգորյանի մեքենան զրահապատ է եղել, որ արդյունքում ոչ ոք անգամ քերծվածք չի ստացել:
Ի դեպ, Կարեն Գրիգորյանի մամուլի պատասխանատուն վստահեցրեց, որ քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը և նրա մեքենայում եղած մարդիկ անզեն են եղել: Ստացվում է, որ անզեն վիճակում Կարեն Գրիգորյանն ու մեքենայի մեջ եղած մարդիկ կարողացել են զինաթափել հակառակորդ թեկնածուին ու թիմակիցներին, արդյունքում տուժածները հենց զինված մարդիկ են:
Այս պատմության մեջ, ինչպես ասում են, ինչ-որ բան ինչ- որ տեղ այն չէ: Մի բան հաստատ է՝ ՀՀԿ-ի նոր ու բարեփոխած Սահմանադրությունն Էջմիածին քաղաքով ի չիք դարձրեց նորմալ ընտրություն անցկացնելու ակնկալիքը: