Ահաբեկչություն Վանում. կան վիրավորներ (տեսանյութ)
Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է CNN Turk-ը: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ պայթուցիկը եղել է մեքենայում: Ահաբեկչության թիրախն իշխանություններն անվանել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Վանի գրասենյակը:
Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, տուժել է 11 մարդ: Պայթյունի ալիքի պատճառով հարակից մի շարք շենքերի ապակիներ կոտրվել են:
Պայթյունի վայրում աշխատում է շտապօգնության մի քանի բրիգադ, հրշեջներ և ոստիկաններ: Վայրը շրջափակված է, այնտեղ տանող ճանապարհները՝ փակ: «Դողան» գործակալության տվյալներով՝ ահաբեկչության մեջ կասկածվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ներկայացուցիչները:
Սա առաջին ահաբեկչությունը չէ, որ տեղի է ունենում Թուրքիայում վերջին մի քանի ամսվա ընթացքում: Օգոստոսի 21-ի հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունին զոհ էր դարձել 50 մարդ, ևս 94-ը՝ վիրավորվել էր: Մահապարտը պայթուցիկը գործ էր դրել պարող ամբոխի մեջ:
Օգոստոսի 17-ին կրկին Վանում ոստիկանական բաժանմունքի մոտ ոստիկանական մեքենա էր պայթեցվել: