Հայաստանի ՊՆ 1-ին Բանակային զորամիավորումում շտաբային մարզում է անցկացվել
ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է երկօրյա շտաբային մարզում, որի նպատակն էր ստուգել զորամիավորման կառավարման համակարգի վիճակը, կառավարման մարմինների պատրաստության աստիճանն ու զորքերի կառավարման ապահովման ունակությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Շտաբային մարզումներն անցկացվել են պաշտպանական գործողության նախապատրաստման թեմայով: Կիրառման շրջանում եւ զորամիավորման շտաբում ԲԿ վարչակազմի, ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, ծառայությունների պետերի մասնակցությամբ իրականացվել է տեղազննում, տեղանքում կատարվել են խնդիրների անհրաժեշտ ճշգրտումներ, տեղանքի մանրակերտի վրա հստակեցվել են փոխգործակցության կազմակերպման մանրամասները:
Մարզումները միտված են զորքերին մարտական խնդիրների առաջադրման եւ փոխգործակցության ապահովման առումով զորամիավորման շտաբի եւ ստեղծված աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների գործնական հմտությունների ամրապնդմանը, զորամիավորման կառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակման եւ գործողությունների պլանավորման կարողությունների կատարելագործմանը:
Շտաբային մարզումները ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը: