«Հրապարակ». Ո՞ր լրագրողներն են մասնակցում առաջիկա ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Լրագրողները կմասնակցեն առաջիկա ՏԻՄ ընտրություններին ոչ միայն լուսաբանողի կարգավիճակում, այլև ավագանու անդամի թեկնածուների: Գյումրիում հոկտեմբերի 2-ի ընտրություններում ՀԱԿ խմբակցության ցուցակը գլխավորում է «Շրջապատ» թերթի հիմնադիր Եպրաքսիա Մեխակյանը (անկուսակցական): Ցուցակի երկրորդ տեղում մեր գործընկեր՝ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի դասախոս, «ՉԻ» օրաթերթի լրագրող Արման Գալոյանն է (ՀԱԿ):
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում էլ ներգրավված է Էմմա Պալյանը՝ «Արարատնյուզ» կայքի խմբագրի օգնականը։ Գևորգ Լոռեցյանը՝ նույնպես լրագրող, ներկայացնում է «Բեթքոնսթրաքթ»-ը:
ԳԱԼԱ-ի ցուցակը գլխավորում է համանուն ՀԸ-ի հիմնադիր Վահան Խաչատրյանը, երկրորդ տեղում է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, «Ասպարեզ» թերթի և asparez.am կայքի խմբագիր Լևոն Բարսեղյանը, ինչպես նաև galatv.am կայքի գլխավոր խմբագիր Քրիստինա Մկրտչյանը:
Վանաձորում էլ «Լուսավոր Հայաստանի» ցուցակում է լրագրող, անկուսակցական Աստղիկ Ավետիքյանը, սակայն ցուցակի 32-րդ տեղում: Գեղարքունիքի մարզի Անտառամեջ համայնքում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ական Սմբատ Սարիբեկյանը, որի անվան դիմաց գրված է՝ «Հեռուստակայան»: Հավանաբար վրիպակ է, քանի որ դժվար թե հեռուստակայանը հանդես գար անուն-ազգանունով և որպես թեկնածու մասնակցեր ՏԻՄ ընտրություններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում