ԼՂՀ ՊՆ. Զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հակառակորդի կողմից չի սպանվել
Սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:
Քննչական կոմիտեն հայտարարեց, զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի սպանության դեպքի առթիվ։