Անդրիաս Ղուկասյանը նամակով պատասխանել է Ժիրայր Սէֆիլյանին
«Նոր Հայաստանի» անդամ, կալանավորված Անդրիաս Ղուկասյանը նամակով դիմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանին: Ղուկասյանի նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի Ժիրայր Սէֆիլյան
Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ.
1. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու և քաղաքացիներին ձերբակալելու փաստին,
2. աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում,
3. շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին:
Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռևս գտնվում է անբավարար վիճակում: Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության Կառավարության և արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը:
Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից»: