«Հրապարակ». «Գողականները» «հաց բերող» Արթուր Սարգսյանին բնակարան են նվիրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք օրեր առաջ գրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին բանտում շատ լավ են ընդունել և շատ լավ են վերաբերվում, այսպես կոչված, գողական աշխարհի ներկայացուցիչները: Ու հիմա նա լավ պատիվ ունի կալանավորների շրջանում:
Մեր տեղեկություններով՝ նրա հետ նստած «գողականները» կամ հեղինակություններն Արթուր Սարգսյանին նաև բնակարան են նվիրել Երևանի կենտրոնում: Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել և այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները:
Փորձեցինք այս տեղեկությունը՝ ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից: «Չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»,- եղավ պատասխանը: Բայց, որքանով տեղյակ ենք, նրա ընկերները, մտերիմներն անգամ շնորհավորել են այդ բնակարանը: «Այդ դեպքում՝ իր ընկերներից հարցրեք»,-ասաց Արսեն Սարգսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում