Ով որքան կհաճոյանա և ինչքան կխփի Գյումրիում
Առաջիկայում քաղաքական տարբեր ուժեր կփորձեն Գյումրին վերածել քաղաքական թատերաբեմի: Խաղի դերասաններն արդեն ընտրվել են: Մասնակցության առաջին հայտը ներկայացրեց ՀՀԿ-ն՝ բլոկով, քաղաքական տերմինով ասած՝ դաշինքով:
Մի քանի ՀՀԿ-ամերձ մարդ-կուսակցություններ հայտարարեցին, որ կսատարեն Գյումրիի գործող քաղաքապետ, մի քանի անգամ կուսակցականափոխ Սամվել Բալասանյանին:
Մի առիթով «ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը ՀՀԿ-ի դաշինքով Բալասանյանի սատարելու մասին խոսելիս ասել էր. «Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին ՀՀԿ որոշումը վկայում է այդ կուսակցության թուլության, վարկաբեկված լինելու մասին. իրենք փախչում են իրենց անունից»:
Ի դեպ, ԲՀԿ-ն ժամանակին հայտարարեց, որ չի մասնակցի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ մտավախություն ունենալով, որ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այդ քաղաքում իրավիճակը կարող է «սպեցիֆիկ» լինել և իրենց նախկին ակտիվ և ազդեցիկ անդամները՝ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու Վարդևան Գրիգորյանը, միգուցե սատարեն Սամվել Բալասանյանին:
Հետո պարզվեց, որ ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ Գյումրիի համամասնական ցուցակը կգլխավորի Վարդևան Գրիգորյանը:
Գյումրիի քաղաքական մթնոլորտն էլ ավելի սպեցիֆիկ դարձավ, երբ Օսկանյանի գլխավորած «Համախմբումը» չբացառեց ՕԵԿ-ական, բայց ժամանակակից «Վերածնունդ»-ի շունչն առած Հովհաննես Մարգարյանին:
Օրեր անց, սակայն, Օսկանյանի «Համախմբումը» ծանրութեթև անելուց հետո հայտարարեց, որ սեփական թեկնածուով կմասնակցի Գյումրիի ընտրություններին: Գյումրիում քաղաքապետի թեկնածու է գրանցվելու նաև «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանը, ով գլխավորելու է «ԳԱԼԱ» կուսակցության ավագանու ցուցակը»:
Սա քաղաքական այն պատկերն է, որն այսօր ուվագծվում է Գյումրիում, որից դուրս գյումրեցիներն են, ովքեր ստորագրահավաք են նախաձեռնել կասեցնելու Գյումրիի ավագանու այն որոշումը, ըստ որի Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը ճանաչվեց Գյումրիի պատվավոր քաղաքացի: Նրանք սա դիտարկում են Սերժ Սարգսյանին հաճոյանալու քաղաքական քայլ:
Շուտով կմեկնարկի նաև գյումրեցիներին հաճոյանալու և թվեր խփելու ժամանակը: