Ոչ այլ ինչ է, քան խոշտանգում Հովհաննես Հարությունյանի նկատմամբ. Զարուհի Փոստանջյան
«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին սկսած հուլիսի 26-ից՝ մինչ օրս չեն վիրահատել: Ավելին՝ նախօրեին նման կոտրվածքի վրա գիպս են տեղադրել: Այսօր՝ օգոստոսի 23-ին Հովհաննես Հարությունյանի հարազատները և աջակիցները հավաքվել էին Արշակունյաց պողոտայում՝ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ:
«Դիմել ենք և′ Առողջապահության նախարարություն, և′ Արդարադատության նախարարին, և′ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Դիմել ենք նաև քրեակատարողական վարչություն՝ քննչական խմբի ղեկավարին: Պատասխաններ չենք ստացել: Այս պահին մենք ցանկանում ենք, որպեսզի մեր կողմից ընտրված բժիշկը ներս մտնի: Մեզ ներս չեն թողնում»,- Newspress.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննեսի պաշտպանը՝ Հայարփի Սարգսյանը՝ հավելելով, որ չի կարող պատասխանել, թե որ հիվանդանոցից է բժիշկը:
Ի դեպ, այստեղ են Հովհաննեսի քույրը, մայրը, այլ հարազատներ, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, այլ փաստաբաններ:
Զարուհի Փոստանջյանը Newspress.am-ի հետ զրույցում նշեց, որ սա ոչ այլ ինչ է, քան խոշտանգում 29-ամյա Հովհաննեսի նկատմամբ: