Վերաքննիչ ատյանը մերժեց բողոքը. Արամ Մանուկյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, Պավլիկ Մանուկյանի որդի Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված բողոքը: Այդ մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբանը՝ Ինեսսա Պետրոսյանը:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
ՔՕ 219-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։