Ողբերգական վթար Ալավերդիում. մեքենան մի քանի պտույտ գլորվել է. կա զոհ և վիրավորներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ, նախնական տվյալներով, 2016 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Լ. Մարտիրոսյանի կողմից վարվող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհամերձ մետաղյա արգելապատնեշին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի ուղևոր Ս. Պեպանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր Ռ. Թաթոյանը և վարորդ Լ. Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: