Լևոն Մկրտչյանը նամակով դիմել է մարզպետերին և Երևանի քաղաքապետին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարի շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում դրամահավաքության արատավոր դրսևորումները և ծնողների համար ավելորդ ֆինանսական խնդիրները բացառելու վերաբերյալ: Հատկապես հարկ է հաշվի առնել ծնողների կամքը դպրոցական համազգեստ սահմանելիս՝ պահպանելով դասական համադրությունը և խուսափելով անհարկի պարտադրանքներից»:
ԿԳ նախարարը նույնաբովանդակ հանձնարարական է տվել նախարարության ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին: