Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ. Միհրան Հարությունյան
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,- ասաց Հարությունյանը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանն ուժերը չափում էր սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։