«Ահաբեկչություն» եզրաբանությամբ ԱԱԾ-ի հայտարարությունը վտանգավոր է երկրի համար. հայտարարություն
Պահպանողական կուսակցությունը խստորեն դատապարտում է ԱԱԾ հայտարարության մեջ «հակաահաբեկչական օպերացիա» մեծադղորդ արտահայտության կիրառումը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը, որում ասվում է.
«Հայաստանում չկա եւ չի կարող լինել ահաբեկչություն, եթե դրսից հրահրված չէ: Այդպիսի եզրաբանությամբ հայտարարությունը հղի է միջազգային հողի վրա Հայաստանի պետության համար ամենաանպաստ դիրք ապահովելով:
Եթե ԱԱԾ-ն դեռեւս ունակ է նաեւ Հայաստանի պետական շահից բխող գործունեության, ապա կոչ ենք անում՝ զինաթափ եղած խմբի մասին այլեւս չկիրառել այդ արտահայտությունը, մանավանդ որ խմբի գործողություններում ահաբեկչության հետ շատ թույլ աղերս կար միայն երկու էպիզոդիկ՝ պատանդառության դեպքում, այն էլ՝ մեծագույն վերապահությամբ:
Ուզում ենք հուսալ, որ ԱԱԾ-ն կգիտակցի իր անպատասխանատու արտահայտություններից ՀՀ-ի համար վտանգավոր վիճակ ստեղծելու մեջ իր անհատական պատասխանատվությունը եւ հետայսու կշտկի իր կոպիտ սխալը»: