Պետք է կազմալուծել այդ ապարատը. Արթուր Սաքունց
Մեդիա կենտրոնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձել ոստիկանության կողմից մարդկանց զանգվածային բերման ենթարկելու գործողությանը.
«Ոստիկանության երեկվա գործողությունները, երբ մարդկանց զանգվածային բերման էին ենթարկում, ակնհայտ ապօրինի գործողություն էր: Ինչ վերաբերում է Լևոն Բարսեղյանի ձերբակալմանը, այն անհիմն քրեական հետապնդում է՝ ելնելով նրա քաղաքացիական դիրքորոշումից: Բոլոր բերման ենթարկելու դեպքերը լավ է, որ փաստագրված են տեսանյութերի միջոցով: Քանի որ բերման եթնարկվածների թիվը մեծ է, և շատերը տեղյակ չեն՝ ինչ անել, իմ առաջին հորդորն այն է, որ բոլորն անհատական դիմում գրեն Հատուկ քննչական ծառայություն՝ իրենց ապօրինի բերման ենթարկելու ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Պատկերացնո՞ւմ եք, այդքան մարդ միանգամից դիմի ՀՔԾ: Պետք է դա անել, կազմալուծել այդ ապարատը, որ ինքը սկսի աշխատել: Ոոստիկանների մոտ անպատժելիության զգացում է, նրանց լավ են ընկալում, որ անօրինական են գործում, ինչը հետևյալ հարցն է առաջացնում՝ արդյոք մենք իրավական ճանապարհով կարող ենք կանխել նմանօրինակ հետագա գործողությունները»,- նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նաև բերման ենթարկված քաղաքացիներին հորդորեց դիմել իրավապաշտպան կազմակերպություններին: Նա նշեց, որ կան դեպքեր, երբ ՀՔԾ-ն համոզում է մարդկանց դիմումներ չգրել: Բայց երեկվա դեպքերով, երբ կարմիր բերետավորներն ուղղակի խուլիգանություն էին անում, պետք է անհատական դիմումներ գրել: