«ՀԺ». Կառավարությունը նոր պարտքեր կուտակելու աղբյուր է գտել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ կառավարությունը մի որոշում է ընդունել որի արդյունքում կկարողանա էլ ավելի շատ պարտքեր կուտակել։ Ըստ այդ որոշման՝ մեր պետական պարտատոմսերն առավել հասանելի կդառնան օտարերկրյա ներդրողների համար և ավելի շատ «կվաճառվեն»։
Մինչ այժմ կառավարությունը պետական պարտատոմսեր էր թողարկում, կամ պարզ ասած «վաճառում», և որոշ ժամանակ անց այդ «վաճառված» պարտատոմսերը ետ գնում, «գնորդներին էլ» տոկոս տալիս։ Այդ գնորդները հիմնականում մեր բանկերն էին։ Բայց մեր պետական պարտատոմսերի ներկայիս կարգավիճակը սահմանափակում է դրանց «վաճառքի» ծավալը։ Նոր կարգավիճակ ստանալով՝ մեր պետական պարտատոմսերն ավելի շատ «կվաճառվեն», և կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել։
Պարտք ներգրավելու նոր աղբյուրներ փնտրելու ու գտնելու կառավարության այս մոլուցքը, թվում է, սահմաններ չունի:
Նշենք, որ մեր պետական պարտքն արդեն գերազանցում է 5,2 մլրդ դոլարը: Իսկ միայն ներքին շուկայից պետական պարտատոմսերի միջոցով ՀՀ կառավարությունն այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ներգրավել է 90 միլիոն դոլարի պարքտ: Պարտքեր ներգրավելը շատ լավ է ստացվում, իսկ դրանք փակելու խնդիրն անլուծելի է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում