Բռնություններ եղել են ճանապարհին, իսկ ոստիկանությունում չեն եղել. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 21-ին քաղաքացիների ահազանգերի հիման վրա այցելել է ոստիկանության ստորաբաժանումներ՝ տեղում իրավիճակին, ինչպես նաև բերման ենթարկված քաղաքացիների վիճակին ծանոթանալու համար: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Բացի այդ, օմբուդսմենն այցելել է նաև բժշկական հաստատություններ ու ծանոթացել հուլիսի 17-ին և նախօրեին ոստիկանության ու քաղաքացիների միջև բախումներից հետո այնտեղ տեղափոխված ոստիկաններին և ցուցարարների առողջական վիճակին:
Մասնավորապես, ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից դուրս գալուց հետո Արման Թաթոյանը նշել է, որ այստեղ բերման են ենթարկել 25-30 քաղաքացիների: Բաժանմունքում նրանց նկատմամբ բռնություն չի եղել, միայն տեղեկություն ունեն, որ բաժին բերելու ժամանակ են եղել բռնություններ։
Դիտարկմանը, որ շատերի հարազատները չգիտեն, թե որտեղ են իրենց որդիները, օմբուդսմենը պատասխանել է, որ ոստիկանությունում խոստացել են, որ բերման ենթարկվածներին կվերադարձնեն կապի միջոցները:
Այս պահին ՄԻ պաշտպանը Էրեբունի հիվանդանոց է ուղևորվել: