Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվում: Այդ մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
«Երկրի սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված՝ երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվում, որպեսզի ավելի արդյունավետ և արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման համար»,- հայտարարել է Էրդողանը՝ Թուրքիայի անվտանգության խորհրդի և կառավարության նիստի արդյունքներով: