«Հրապարակ». Ինձ ճնշել են, երբ Ժիրայրը նոր էր բանտարկված. Սէֆիլյանի կինը` վերջին դեպքերի մասին
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
««Ինքը կողմ կլինե՞ր, որ իր ընկերները նման քայլի դիմեին. այդ հարցն իրեն պետք է ուղղեք, ես չգիտեմ»,- նշում է Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Բարսեղյան-Սէֆիլյանը:
Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ ամուսնուն վերջին անգամ տեսել է 11 օր առաջ: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին, ապա Նանոր Բարսեղյան-Սէֆիլյանն ասաց. «Ես տեղյակ չեմ` ինչ է կատարվում, ես էլ հետևում եմ լուրերին, ինչպես Դուք եք հետևում»:
Տիկին Սէֆիլյան, Դուք ինքներդ սատարո՞ւմ եք նրանց գործողություններին։
«Այդ մարդիկ բոլորը մեր ընկերներն են: Ես կարծում եմ, որ երկրում տիրող անարդարության մակարդակն այնքան է բարձրացել, որ մարդիկ այլ ելք չեն տեսել»:
Տիկին Սէֆիլյան, իսկ այս օրերի ընթացքում Ձեր նկատմամբ ճնշումներ չե՞ն եղել, միգուցե այցելություններ ԱԱԾ-ի կամ ոստիկանության կողմից։
«Ճիշտն ասած՝ ես ոչ մի ճնշում չեմ զգացել այս քանի օրերի ընթացքում, դրանից առաջ շատ են եկել-գնացել, ճնշել են, երբ Ժիրայրը նոր էր բանտարկված, բայց այս դեպքերի հետ կապված՝ ոչ»: Տիկին Սէֆիլյան, Ձեզ կարծես չենք տեսնում բողոքի ակցիաներում։
«Որովհետև վատառողջ եմ, ինձ չի կարելի»,- եզրափակեց Նանոր Բարսեղյան-Սէֆիլյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: