Չպետք է թույլ տալ բռնի ուժի կիրառում և սպանությունների շարունակություն. Լարիսա Ալավերդյան
Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդում գտնվող քաղաքացիները պետք է այնպիսի կոնստրուկտիվ բանակցություններ վարեն, որպեսզի որևէ դեպքում սպանությունները շարունակական չլինեն, իշխանություններն էլ որևէ կերպ չպիտի թույլ տան իրադարձությունների ավելի արագ զարգացում և ուժի կիրառում: Անդրադառնալով Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված քաղաքացիների և իշխանությունների միջև տեղի ունեցող իրադարձություններին՝ Newspress.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Թե ինչ փոխզիջումների պիտի գնան իշխանություններն ու Էրեբունիում գտնվող քաղաքացիները, որպեսզի ստեղծված իրավիճակում այլևս կորուստներ չլինեն, Ալավերդյանը չցանկացավ նշել:
«Ես չեմ ցանկանում ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել, բայց պատրաստակամություն ենք հայտնում մտնել կոնտակտի մեջ, եթե նման անհրաժեշտություն լինի»,- ասաց Ալավերդյանը:
Նշենք, որ ՊՊԾ գնդում գտնվող քաղաքացիներն այսօր գիշեր ազատ են արձակել իրենց մոտ գտնվող մեկ ոստիկանի:
Վերջիններս հայտարարում են, որ ցանկանում են ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում անցնի: