Լեռը երկնեց, մուկ ծնեց
Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը 2014թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել էր 62 մլն դրամ:
Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը`225 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով. ընդհանուրը 400 000 դոլար: Հայկական բրենդի մշակման աշխատանքները կհանձնարարվեն GK brend մարքեթինգային գործակալությանը:
«GK Brand» ընկերությունը, որի տնօրեն Վազգեն Քալայջյանն այդ ժամանակ հայտարարեց, որ փորձելու են ներկայացնել հայկական բրենդի ստեղծման փիլիսոփայությունը, նշել է, որ շատ հաճախ անգամ կրթված օտարերկրացիները չգիտեն, թե որտեղ է Հայաստանը, իսկ լավ բրենդավորված պետությունը կարողանում է կապ հաստատել բոլոր երկրների հետ և տեղեկատվություն փոխանակել. «Բրենդավորումն ի զորու է փոխելու ընկալումը` նաև իմիջի փոփոխման համար»:
Այսօր արդեն պատրաստ է ազգային բրենդը, որը հայ քաղաքացու ուսերին ծանրացել է 400 000 դոլարի տեսքով՝ «Պատմությունն սկսվում է նորից»:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը պարզաբանել է, որ կարգախոսն այն մարդկանց համար է, որոնք երբեք Հայաստան չեն եկել:
Եկեք պատկերացնենք, որ չեխը, որը երբևէ չի լսել Հայաստանի մասին, կարդում է բրենդի վերաբերյալ՝ «Պատմությունը սկսվում է նորից», իհարկե, միանգամից գայթակղվում է և խելակորույս նետվում է նախ գրախանութները՝ Հայաստանի մասին գեթ մեկ տեղեկություն ստանալու համար, հետո նաև համացանց ՝ իր գիտելիքները համալրելու համար: Այդպես էլ շլացուցիչ կարգախոսից ուշքի չգալով՝ հասնում է Հայաստան:
Այս իրավիճակն այդքան զավեշտալի չէր լինի, եթե դրա համար վճարած չլինեինք 400 000 դոլար: Իսկ երբ խոսում են անիմաստ ծախսերի, յուրաքանչյուր պաշտոնյայի քմահաճույքների և քիմքի զգացողությունների, ապա դրա համար երկիրը պատասխանում է բյուջեի հաշվին:
Հայաստանի բյուջեն ՀՀ որոշ պաշտոնյաներ դիտարկում են որպես «հոր դյուքյանը», որտեղ կարելի է ցանկացած պահի սողոսկել և գողանալ ՀՀ քաղաքացիների աշխատավարձը, հանգստի իրավունքը, նպաստները, ընտրելու իրավունքը, տեղաշարժվելու իրավունքը: Եվ ի վերջո յուրաքանչյուր ցնդաբանություն դիտվում է հանճարեղ, եթե իշխանության բարձր օղակ է ներկայացնում և ինչպես վայել է ֆեոդալական երկրին՝ ֆեոդալների անգամ խելագար որոշումները չեն քննարկվում: