Նիսի ահաբեկչության ականատեսը Newspress.am-ին մանրամասներ է ներկայացնում (լուսանկարներ)
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Newspress.am-ին:
«Նիսի Promenade des anglais կոչվող բուլվարում մեծ բեռնատար մեքենան մխրճվեց մարդկանց մեջ, ճզմեց նրանց: Ահավոր զինված էր, կրակում էին: Պայթյունից հետո La cucina ռեստորանի ողջ շրջակայքում մարդկանց դիակներ էին ընկած»,- ներկայացրեց դեպքի ականատես Տաթևիկ Է.-ն:
Ըստ նրա` զոհերի թվում այս պահի դրությամբ կա 2 հայ, իսկ ընդհանուր զոհերի թիվը տվյալ պահին 84 է:
Նկատենք, որ արդեն հայտնի է ահաբեչություն կատարած տղամարդու ինքնությունը: Վերջինս ծագումով Թունիսից, 31-ամյա տղամարդ է, ում փաստաթղթերը հայտնաբերվել են բեռնատարում:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը հանդես է եկել հայտարարությամբ, որով ո′չ հերքել, ո′չ էլ հաստատել է ահաբեկչության հետևանքով հայերի զոհվելու մասին տեղեկությունը:
«Ճշտում ենք Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ Հաստատված տեղեկություններ դեռ չկան»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մեկնաբանություն է թողել այն մասին, որ զոհերի թվում հայ կին կա, ԱԳՆ-ից պատասխանել են. «Մենք տարածում ենք միայն Ֆրանսիայի համապատասխան մարմինների տրամադրած պաշտոնական տեղեկատվություն: Տեղեկացվել ենք համապատասխան գրառման մասին, բայց տեղեկատվություն կտարածենք, երբ մեզ կտրամադրվի պաշտոնապես հաստատված տեղեկատվություն՝ հաշվի առնելով և տեղեկատվության հստակության անհրաժեշտությունը և հնարավոր տուժածների հարազատների համար ծանր հոգեբանական վիճակը: Շնորհակալություն ըմբռնման համար»:
