300 մլն դրամի խախտում է հայտնաբերվել սոցփաթեթներով հանգստի մեկնելու մասով
Կառավարության այսօրվա նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ սոցփաթեթներից հանգստի բաղադրիչի կասեցման հարցին, որը մեծ դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ ոլորտում չարաշահումները պետբյուջեին հասցրել են շուրջ 300 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Զաքարյանը նշեց, որ Հայաստանում ու Արցախում սոցփաթեթի շրջանակում ներառված է եղել 69 զբոսաշրջային օպերատոր, որից 7-ում է ՎՊ-ն ուսումնասիրություն արել:
Ըստ այդմ` որոշ տուր-օպերատորներ հյուրանոցներում լիաժեք չեն կատարել իրենց պարտավորությունները, բյուջեից ստացած գումարները ծախսել են այլ նպատակներով:
«Սոցփաթեթից օգտվել են ոչ շահառու անձինք, այնպիսի տուր-օպերատորներ են սոցփաթեթի ծառայություններ մատուցել, որոնք հաշվառված չեն եղել սոցփաթեթի մեջ»,- ասաց Զաքարյանը և հավելեց, որ Ծաղկաձորում 21 հանգստյան տանը և հյուրանոցում հայտնաբերել են 128 մլն 681 հազար դրամի խախտում: Ջերմուկի 13 հանգստյան տանը հայտնաբերվել է 62 մլն 437 հազար դրամի խախտում, Դիլիջանի 7 հանգստյան տներում՝ 43 մլն 490 հզր դրամի խախտում: