«Ժողովուրդ». Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը փակվեց
«Ժողովուրդ»-ը այս տարի մարտի 18-ին հրապարակեց հոդված, դրանից տասն օր առաջ «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը:
Դեպքի վայրում էին նաև մարզի դատախազը, քննչական ծառայության ղեկավարը և այլ պաշտոնյաներ, սակայն հետագայում քրեական գործ հարուցվեց ոչ թե ծեծողի, այլ Արթուր Գևորգյանի դեմ, և ոստիկանին դիմադրելու համար նա կալանավորվեց:
«Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, սակայն, քրեական գործի ընթացքը փոխվեց, և գործն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննում են ոստիկանապետ Ազիզյանի արարքները: Իսկ Արթուրը ազատ արձակվեց:
«Ժողովուրդ»-ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ շուրջ 4 ամիս տևած քննությունից հետո նախօրեին ՀՔԾ-ն որոշել է արդարացնել Արթուր Գևորգյանին և նրա դեմ հարուցված քրեական գործը կարճել»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: