Ժողովրդի շրջանում խուճապ չկա. Լոռու մարզպետ
Լոռու մարզում երկաշարժից հետո վնասների վերաբերյալ այս պահին որևէ ինֆորմացիա չունենք, ժողովրդի շրջանում խուճապ չկա: Այդ մասին Newspress.am-ին ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Ըստ մարզպետի` երկրաշարժի էպիկենտրոնի Բավրայի մոտ է, որն ուղիղ գծով հասնում է Տաշիր, երկրաշարժն զգացվել է Ալավերդիում, Ստեփանավանում, Վանաձորում. «Կապ եմ հաստատել քաղաքապետերի հետ. վնասներ չկան»:
Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 12-ին` ժամը 14.14-ին, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ 41.200 և արևելյան երկայնության 43.920 (Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: