Սողանքային գոտիների ակտիվությունը կվերահսկվի
Հանրապետությունում վերջերս առատ տեղումների հետևանքով սողանքային գոտիների ակտիվություն է նկատվել: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ Արթուր Մուրադյանի փոխանցմամբ` կանխարգելիչ աշխատանքներ են տարվում:
Ռիսկային գոտիներ են նշմարվում Լոռու մարզի Շահումյան գյուղում, որտեղ վերջերս երկու ամառանոց է փլուզվել: Ռիսկային գոտիներ են համարվում նաև Գետահովիտը և Արփին:
Անդրադառնալով Արթիկում տեղի ունեցած հեղեղումներին՝ Արթուր Մուրադյանը նշեց, որ հեղեղատարը մաքուր է եղել, սակայն տարին եղել է ջրառատ, իսկ ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, ինչի հետևանքով էլ Արագածի փեշերին կուտակված սառույցը հալել է, և կարկուտի հետ ջրի հոսքն իջել է դեպի սելավատար` իր հետ բերելով տիղմ, հող և քարեր:
Նախատեսվում է հեղեղատարների հետ կապված ամբողջ գործընթացը համակարգել: Ջրային տնտեսության պետական կոմիտեն այս տարվա մարտից ներառվել է այդ աշխատանքներում: Առաջարկվել է, որ հանրապետությունում հեղեղատարների հետ կապված կատարվի գույքագրում, իրականացվեն մանրամասն ուսումնասիրություններ, կազմվի տվյալների բազա, դուրս բերվեն խնդիրները և կազմվի գործողությունների ծրագիր, որով կկանխվեն ոչ ցանկալի երևույթները: