Նոր մանրամասներ` Ախալքալաքում հայ ընտանիքի սպանությունից
Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի փոխանցած տեղեկություններով` երեխաները 5, 16 և 18 տարեկան են: Տանը եղել են կինն ու նրա երեք երեխաները, իսկ ընտանիքի գլխավորը մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի:
«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ըստ ընտանիքի մերձավորների տեղեկությունների` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ամբողջ գյուղն ահասարսուռ վիճակում է:
Տեղի ունեցածի պատճառներն առայժմ պարզ չեն: Սպանվածների մարմիններն ուղարկվել են Նինոծմինդայի շրջանային բյուրո` փորձաքննությունների համար:
Նախնական տեղեկություններով` դեպքը կատարվել է երկու օր առաջ: Հարազատները միայն երեկ` հուլիսի 11-ին են հայտնաբերել սպանվածների մարմինները: Ենթադրվում է` մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցրել են բութ գործիքով, իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են քրեագետները: Երկրի ՆԳՆ-ն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել կատարվածը:
Ոչ պաշտոնական տեղեկություններով` սպանված ընտանիքի անդամները հայեր են: