Հանելուկային հաշվիչներ
Վերջերս տաքսիների համար հաշվիչ արտադրող ընկերություններից մեկի տնօրենի հետ զրուցելիս, վերջինս հերքեց այն փաստը, որ տեխնիկապես հնարավոր է հաշվիչի վրա գումարային որևէ փոփոխություն անել` բացատրելով, որ հաշվիչի կապարակնիքն այնքան ամուր է, որ դժվար է բացել:
Փաստորեն դժվար է, բայց ոչ անհնար:
Նրանք, ովքեր մեկ անգամից ավել Հայաստանում օգտվել են այս փոխադրամիջոցից, կարող են փաստել, որ սահմանված մինիմալ արժեքը տարբեր վարորդների մոտ տարբեր սահմաններ ունի: Խոսքը, իհարկե, բարեխիղճ վարորդների մասին չէ, այլ նրանց, ում մոտ արդեն 3-րդ կամ 2-րդ կմ-ից սահմանված մինիմալ 600 դրամ գումարը սկսում է ավելանալ, այնինչ, ըստ կանոնի, 600 դրամիի սահմանը պետք է գերազանցի սկսած 4-րդ կմ-ից:
Տարբեր ազգերի մարդկանց համար նախատեսված է տաքսու հատուկ գին: Պարսիկների և օդանավակայանից եկող ուղևորների համար սահմանված վճարներն առանձնապես չեն տարբերվում, իսկ տեղաբնակների համար գները կրկին կապված են վարորդի բարեխղճության հետ, սակայն անհամեմատ ավելի մատչելի:
Ուղևորների փոխանցմամբ` որոշ հաշվիչների վրա կան հատուկ սեղմակներ` նախատեսված տարբեր դասի և ազգության ներկայացուցիչների համար, որոնց սեղմելով` ավելանում կամ պակասում է գումարը: Դժվար է բացատրություն տալ այս ամենին, սակայն մեկնաբանությունը մեկն է, այն է` ակնհայտ խաբեություն: