Դաշնակ մարզպետերի բախտը չբերեց` կարկտայինը չի կրակել, ջուրն էլ տներն է լցվել
Սարերից ջրերը լցվել են Ապարան, և մոտ 7 տուն ջրալցվել է: Այդ մասին Newspress.am-ի հետ զրույցում նշեց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը:
Ըստ քաղաքապետի` Ապարանում մոտ 10 սելավատար կա, որոնք ժամանակին մաքրվել են, պարզապես անձրևներն անսպասելի շատ են:
Ի դեպ, տվյալ պահին Ապարանում էր նաև Արագածոտնի դաշնակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Newspress.am-ի հարցին, թե ի՞նչ առաքելությամբ է մարզպետն Ապարանում, քաղաքապետը պատասխանեց. «Մարզպետը լուրջ վնասները կներկայացնի կառավարությանը` փոխհատուցում տալու համար»:
Իսկ հարցին, թե թեթև վնասները չե՞ն փոխհատուցվելու, Ապարանի քաղաքապետը պատասխանեց. «Ես կառավարության ներկայացուցիչ չեմ և չեմ կարող պատասխանել»:
Քաղաքապետը նաև հավելեց, որ մարզպետն Ապարանում է` տարբեր համայնքների տեխնիկան մոբիլիզացնելու համար: Իսկապես թե′ Արագածոտնում, թե′ Շիրակում դաշնակ մարզպետերի բախտը չբերեց. բնությունն իր արածն արեց` մի տեղ սարերի ջուրը տները լցրեց, մի տեղ էլ հակակարկտային սարքերը չկրակեցին, ու բնակիչները ճանապարհ փակեցին: