Ահաբեկիչը պայթեցրել է իրեն Մուհամմեդ մարգարեի մզկիթում. կան զոհեր
Մեդինայում՝ Մուհամմեդ մարգարեի մզկիթի համալիրի մոտակայքում, մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարք, ինչի հետևանքով զոհվել է անվտանգության 4 աշխատակից, ևս հինգ մարդ տուժել է: Այդ մասին, ինչպես հայտնում է BBC գործակալությունը, տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը:
Հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ հազարավոր ուխտավորներ հավաքվել են եղել աղոթքի համար: Մուհամմեդի մզկիթը՝ Մասջիդ ան-Նաբավին, Մուհամմեդ մարգարեի թաղման վայրն է: Այն համարվում է մուսուլմանական գլխավոր սրբավայրերից մեկը: Մեդինան իսլամում կարևորությամբ երկրորդ քաղաքն է Մեքքայից հետո:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ փոխանցած տվյալներով՝ մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել այն բանից հետո, երբ գրավել է անվտանգության աշխատակիցների ուշադրությունը, որոնք նրա վարքագիծը համարել են կասկածելի: